Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար' Արմավիրի մարզի Երևան-Էջմիածնի ճանապարհահատվածի տարածքում:

Մրցաշարի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԿԳՄՍ նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 35 մլն 710 հազար դրամ գումար է հատկացվել:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացված միջոցներից 15 մլն դրամը նախատեսված է մրցաշարի հաղթողների պարգևատրման, մնացածը' կազմակերպչական աշխատանքների համար:

«Մենք ունենք ՀՀ վարչապետի հանձնարարական' տարվա մեջ 4 անգամ մասսայական սպորտի զարգացումը խրախուսող մրցաշարեր կազմակերպել: Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքից հետո սա երկրորդ նման միջոցառումն է»,- զեկուցել է Վահրամ Դումանյանը' նշելով, որ մրցաշարի նպատակը սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունն ու սիրողական կրոսավազքի դերի բարձրացումն են:

Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած տեղեկատվության' «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարն անցկացվելու է տարիքային երեք խմբերի համար'

15-17 տարեկան տղաներ և աղջիկներ' 3 կմ,
18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ' 10 կմ,
36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ' 10 կմ:
Առաջին տարիքային խմբի հաղթողները' առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած անձինք, կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար' 600 հազար դրամ, երրորդ տեղի համար' 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար' 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար' 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավողների համար' 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար' 50 հազարական դրամ:

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ունեն համապատասխան տեղեկանք առողջության վերաբերյալ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի հանրային լայն լուսաբանում' «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի մասնակցության հայտերի ընդունման, ժամկետների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ: