Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում ՊՇՌ թեստի գների կտրուկ անկումը. դրանց գները 15-20 հազար դրամից դարձել են 8-10 հազար դրամ։ Նշենք, որ առողջապահության նախարարի հրամանով` այս տարվա հոկտեմբերի 1-ից, որոշակի բացառություններով, բոլոր աշխատողները պարտավորվում են գործատուին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի արդյունք՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ։ Սեպտեմբերի 28-ին Առողջապահության նախարարության, իսկ սեպտեմբերի 30-ին՝ կառավարության առջև հավաքված ցուցարարները պահանջում էին իշխանություններից պատասխանել, թե ինչո՞ւ էր մինչ այս ՊՇՌ թեստի գինը բարձր։ Ցուցարարներից մեկի խոսքով՝ ՊՇՌ թեստերի գների շնորհիվ կառավարությունը մեկ տարում 37 մլն դոլարի շահույթ է ունեցել:
Ուշագրավն այն է, որ ՏՄՊՊՀ-ից ԶԼՄ-ին տեղեկացնում են, որ տվյալ ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավելի սուբյեկտներ և գերիշխող դիրք ունեցողներ չկան, հետևաբար՝ թեման դուրս է ՏՄՊՊՀ վերահսկողությունից։ Սակայն, մի շարք ոլորտներում, օրինակ` շաքարավազի, որտեղ նույնպես, ըստ ՏՄՊՊՀ-ի, մրցակցային դաշտ է՝ ուսումնասիրություններ, այն էլ շատ հաճախ, կատարվում են: Այսինքն՝ ՏՄՊՊՀ-ն երբ ուզում է ուսումնասիրություններ անում է և թեման իր վերահսկողության տիրույթում է դասում, երբ չի ուզում՝ փորձում է ձեռնպահ մնալ: Իսկ ո՞ւմ է տվյալ դեպքում ակնհայտ կերպով կոծկում ՏՄՊՊՀ-ն` գերշահույթ ստացած տնտեսվարողների՞ն, թե՞ իշխանության բարձր էշելոնում գտնված անձանց, ովքեր, իհարկե, տեղյակ էին այս սխեմայի մասին և ոչինչ չեն արել տնտեսվարողի ձեռքը քաղաքացու գրպանից հանելու ուղղությամբ: Արդեն իսկ հասկանալի է, որ որոշակի «մախինացիաներ» այստեղ եղել են, հակառակ դեպքում` այսքան հապշտապ կերպով չէին փորձի հարցը լղոզել և փակել...