Պարզ ճշմարտություն՝ ծխելը վնասակար է, բայց արի ու տես, որ ծխողների թիվը չի նվազում:
Ծխողներին սպառնացող հիվանդությունների մասին նախազգուշացնում են բժիշկները, հակածխախոտային ակտիվիստները, սիգարետի տուփերին պատկերված սարսափելի նկարներն ու մակագրությունները և, վերջապես, մեր հարազատները:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, չնայած այն հանգամանքին, որ հազարամյակի սկզբից աշխարհում ծխողների թիվը նվազել է մինչև 20 տոկոս, ծխելու հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը չի փոքրացել: Տարեկան մոտ 3 միլիոն ծխողների մահվան պատճառը սրտանոթային հիվանդություններն են:
Անվնաս ծուխ չի լինում․
Սիգարետը ինքնին չի սպանում: Մարդու առողջությանը վնասակար են այրման հետևանքով ծխի մեջ գոյացող նյութերը, ընդ որում՝ տարբերություն չկա, արդյո՞ք դա սիգարետի ծուխ է, խորովածի կրակ, թե մոմ: Ցանկացած նյութի այրումը վնասակար է։ Սիգարետի ծուխն իր մեջ պարունակում է մոտ 6000 քիմիական միացություն, որոնցից 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելի նյութեր համարվում են քաղցկեղածին։ Հենց այս նյութերը, և ոչ թե ծխախոտաբույսի մեջ առկա նիկոտինը, առաջացնում են ծխելու հետ կապված հիվանդությունները:
Ե՞րբ է պետք հրաժարվել սիգարետից․ հետազոտություն․ Որքան շուտ, այնքան լավ՝ ասում են փորձագետները: Կարևորը պետք է հիշել, որ ծխելը թողնելը երբեք ուշ չէ:
2020 թվականին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակեց ծխելը թողնելու լավագույն տարիքի մասին զեկույցը: Պարզվել է, որ նրանք, ովքեր ծխելը թողել են մինչև 40 տարեկանը, հետագայում շատ ավելի քիչ են տառապում են ծխողին բնորոշ հիվանդություններով, քան նրանք, ովքեր թողել են ծխելը 60 տարեկանից հետո: Բայց բժիշկները չեն թաքցնում՝ նախկին ծխողների՝ թոքերի հետ կապված խնդիրները կարող են մնալ ողջ կյանքում:
Ինչպե՞ս գիտությունը կարող է օգնել․
Գիտությունը կարող է օգնել մեզ նաև սիգարետից հրաժարվելու հարցում։ Գիտնականները, բժիշկները և հանրային առողջապահության ոլորտի փորձագետները սիգարետի վնասակար հետևանքները նվազեցնելու ուղղությամբ բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել: ԱՄՆ Բժշկության ինստիտուտը, օրինակ, իր զեկույցում պնդում էր, որ հնարավոր է նվազեցնել հիվանդության ռիսկը ՝ փոխելով նիկոտինի օգտագործման եղանակը:
Փորձագետներն առաջարկում են նվազեցնել ծխելու վնասը` անցնելով ավելի քիչ վնասակար այլընտրանքների, եթե նիկոտինից հրաժարվել չի ստացվում: Եթե խնդիրը սիգարետի այրումն է ու ծուխը, ապա վնասակար նյութերի օրգանիզմ ներթափանցելը կանխող տրամաբանական ճանապարհը ծխախոտի այրումը բացառելն է։ Եթե ծխախոտը տաքացվում է 400°C-ից ցածր ջերմաստիճանում, սիգարետի ծխի փոխարեն առաջանում է գոլորշի (աերոզոլ): 2017 թ․-ին ResearchGate-ը հրապարակեց մի հոդված, որտեղ ցույց տվեց, որ նմանատիպ գոլորշին պարունակում է 90-95% ավելի քիչ վնասակար նյութեր, քան մեզ ծանոթ սիգարետի ծուխը:
Ի՞նչ անել, եթե վախենում ես կտրուկ հրաժարվել ծխելուց
Ծխելուց վերջնականապես հրաժարվելու ճանապարհը հեշտ չէ։ Բացի ֆիզիկական կախվածությունից, ծխողը վախենում է առանց սիգարետի կյանքից, քանի որ երկար ժամանակ ծխելը նրա համար իր կյանքի մի մասն է եղել, օգնել է դիմանալ սթրեսին, ընդհանուր լեզու գտնել գործընկերների և ընկերների հետ: Այդ վախերի հետ պայքարելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս ծխելը չթողնել միանգամից, այլ հրաժարվել վատ սովորությունից աստիճանաբար` այդ թվում նաև անցնելով ավելի քիչ վնասակար այլընտրանքի:
Ըստ հետազոտության՝ ամեն 10-դ ծխողը, ով անցնում է առանց ծուխ նիկոտին պարունակող սարքերի, սարքն օգտագործելու առաջին իսկ տարվա ընթացքում մշտապես հրաժարվում է սիգարետից: Բացի այդ, սիգարետից առանց կրակի աշխատող սարքերին անցում կատարելիս գիտնականները գրանցում են նաև դրական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:
Բրիտանական սրտաբանական հիմնադրամի պատվերով 2019 թվականին կատարված փորձը ցույց տվեց, որ նոր սերնդի սարքերի օգտագործման առաջին ամսվա ընթացքում ծանր ծխողների մոտ սրտի հիվանդության ռիսկը նվազել է գրեթե 19 %-ով: Հետևաբար, բրիտանացիները հայտարարել են, որ ավանդական սիգարետից այլընտրանքին անցումը կարելի է համարել օրգանիզմի համար վնասը նվազեցնելու միջոց։
Անհրաժեշտ է հիշել սակայն, որ նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերը նույնպես անվնաս չեն, նիկոտինն էլ կախվածություն առաջացնող նյութ է։ Այնպես որ, լավագույն տարբերակը ծխողի համար ցանկացած նիկոտին պարունակող արտադրանքից ընդհանրապես հրաժարվելն է։