Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներում կորոնավիրուսով և գրիպով հիվանդների թվի աճի պատճառով որոշում է կայացվել անցնել 14-օրյա հեռավար ուսուցման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղզրոյանն ասաց համայնքում հիվանդությունները լուրջ տարածում ունեն, հետևաբար փորձում են ամեն ինչ անել այն կանխելու համար․ «Դպրոցներում բացակա երեխաների թիվը բավականին մեծ էր, որքանով տեղյակ եմ 40-ից ավել երեխա չէր գնում դպրոց։ Երեխաները ջերմում էին, հնարավոր է՝ կա երեխա, որ քովիդով հիվանդ է, բայց քանի որ թեստ հանձնած չէ չի բացահայտվում»,- ասաց նա։

Նա նշեց՝ մոտավորապես 20 ընտանիքում կորոնավիրուսով հիվանդ կա։ Բացի այդ, գյուղում 3 օր առաջ կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել, ուստի փորձում ենք ամեն կերպ կանխել հիվանդության տարածումը։

Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցներում հեռավար ուսուցման անցնելու պատճառը հիվանդների թվի աճն է, սակայն այն կապված չէ կորոնավիրուսի հետ․ «Պարզապես աշնանային սրացումներ են՝ գրիպ, ջերմություն, հազ։ Դպրոցում յուրաքանչյուր ընտանիքից մեկ-երկու երեխա կա, որպեսզի տարածում չգտնվի նպատակահարմար գտանք նման որոշում կայացնել։ Դասերը նորմալ ընթանում են օնլայն ձևաչափով»։

Նրա խոսքով՝ Լուսաղբյուրի դպրոցում կորոնավիրուսով վարակված ո՛չ աշակերտ կա, ո՛չ ուսուցիչ, ո՛չ էլ աշխատակից․ «Դպրոցում դեռևս սեպտեմբերի 1-ին 4 ուսուցիչ վարակվել էր կորոնավիրուսով, որը կազմում էր ուսուցիչների ընդհանուր թվի 10 %-ից ավելին, այդ իսկ պատճառով մեզ մոտ դասապրոցեսը սկսել է 2 շաբաթ ուշացումով և դասերն անցկացվել են օնլայն ռեժիմով»,- ասաց Մանուկյանը:

Լուսաղբյուրի վարչական ղեկավարը նշեց նաև, որ վերջերս համայնքում կորոնավիրուսով վարակված մեկ անձ է եղել, որը երկուշաբթի օրը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն այլ դեպքի մասին տեղեկություն չունի։

Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանն ասել էր, որ Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներն անցել են 14-օրյա հեռավար ուսուցման․ պատճառը կորոնավիրուսով հիվանդների թվի աճն է և բարձր ջերմաստիճան ունեցող մարդիկ։ Նրա խոսքերով՝ նշված գյուղերում բավականին շատ են հիվանդները, կոնտակտավոր երեխաներն ու հիվանդ ուսուցիչները:

Սոնա Հարությունյան