Ադրբեջանցի զինվորները այս անգամ էլ ձիեր են հափշտակել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակչից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը, որին էլ օգնություն ստանալու նպատակով զանգահարել էր Խնածախի բնակիչը:

Մեզ հետ զրույցում համայնքի նախկին ղեկավարն ասաց, որ այսօր առավոտյան գյուղացու 3 ձիերը անցել են ներկա պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք. «Առավոտ շուտ Խնածախի բնակիչը զանգահարել ու ասել է՝ 3 ձի անցել է սահմանը: Ես էլ փորձել եմ ռուս խաղաղապահների հետ կապ հաստատել, որ օգնեմ էդ մարդուն: Բնակիչը սոցիալապես անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, 4 անչափահաս երեխա ունի, որոնք միակողմանի ծնողազուրկ են, խնդրեցի ռուս խաղաղապահներին, որ ինչ-որ կերպ հարցին լուծում տան»,- պատմեց Ներսես Շադունցը:

Նա նաև նշեց, որ օրվա երկրորդ կեսին ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ ձիերից 2-ը վերադարձվեցին. «Ադրբեջանցիները 2-ին վերադարձրին, բայց 1-ին պահեցին իրենց մոտ, թե ինչ սկզբունքով դա որոշեցին՝ չեմ կարող ասել»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ հայ-ադրբեջանական նոր սահմանը շատ մոտ է բնակավայրերին՝ հեռավորությունը շատ քիչ է ադրբեջանական սահմանից, և ձին հեշտությամբ կարող է հատել այդ սահմանը:

Զրուցեցինք նաև Տեղ համայնքի ներկայիս ղեկավարի՝ Դավիթ Ղուլունցի հետ, որն ասաց՝ խնդրի մասին բոլորը տեղյակ են. «Բախտներս նրանով ա բերել, որ երկուսը վերադարձրել են, էն մյուսի մասով էլ՝ սպասում ենք պատասխանի»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան