Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Գևորգյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ։ Կառավարությունը այսօր ընդունել է Գևորգյանի հրաժարականը, սակայն, մարզի բնակչությունը այդպես էլ անտեղյակ մնաց, թե ինչու և ինչ պատճառով մարզը երեք տարի ղեկավարած անձը հեռացավ զբաղեցրած պաշտոնից:
Բանն այն է, որ Գևորգյանը բավական մեծ խոստումներ էր շռայլել մարզում, և մարզի բնակիչները տրամաբանորեն սպասում և ակնկալում էին, որ դրանք կիրագործվեն: Երեք տարին, ինչ խոսք, բավական է առնվազն այդ խոստումների մի մասը կյանքի կոչելու համար: Մարզպետի միակ ձեռքբերումը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր աշխատակիցներին զրկեց քաղծառայողների սահմանված լիազորություններից, բացի հավաքարարների գործառույթներից, մարզպետարանի մնացած պաշտոնների լիազորությունները վերցրեց իր վրա: Նշենք, որ նրա աշխատանքային գործունեությունը երևում էր միայն ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ գնացի, մասնակցեցի, ելույթ ունեցա: Շաբաթական մեկ անգամ կազմակերպվող ընդունելությունները բնակչության հետ կարող են չկայանալ մի քանի շաբաթ. դա հայտնի է նաև նրա ֆեյսբուքյան էջից: Հանդիպման եկող մարդկանց գերակշիռ մասն էլ դիմում է լոկ դրամական օգնություն ստանալու նպատակով:
Այս ամենով հանդերձ, տառացիորեն ոչինչ չանելով իր մարզպետական լիազորությունները իրականացնելու ուղղությամբ, նա հպարտանում էր երևաակայական հաջողություններով և ձեռքբերումներով: Օրինակ՝ աշխատատեղերի բացումից, մարզի տնտեսական զարգացումից: Իսկ մարզում բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ կան, որոնցից ցանկացածին ձեռք մեկնելով ավելի է դրանք խճճում: Ահավասիկ, Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքում կառուցված ՀԷԿ-երը: Նախընտրական շրջանում արագածցիներին և հարակից մի քանի համայնքի ընտրողներին ձայների դիմաց մարզպետը խոստացել էր փակել ՀԷԿ-երը, սակայն ընտրություններից հետո, ինչպես և ակնկալվում էր, տրված խոստումները գրվեցին սառույցին. ՀԷԿ-երն էլ իրենց տեղում են:
Նորություն չկա նաև մեծ ճոխությամբ մարզում կազմակերպած ներդրումային ֆորումից՝ «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի, կամ ներդրումներ չեն եղել, իսկ դա նշանակում է, որ մարզպետը պոտենցիալ ներդրողներին շահագրգռող ներդրումային առաջարկներ չի ներկայացրել, կամ եղել են, սակայն մարզի բնակչությունը այդ մասին ոչ տեղեկացվել է, ոչ էլ ներդրումների արդյունքները զգացել է իր առօրյա կյանքի որակի փոփոխության վրա:
ՔՊ-ական պաշտոնյաները, կարծես, խասյաթ են դարձրել առանց իրենց մարզի, քաղաքի բնակչությանը կատարած աշխատանքի դիմաց հաշվետու լինելու ձեռքերը լվալ և պարզապես հրաժարական տալով գլուխներն ազատել անտեղի դարդ ու ցավից...