«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի եւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» համար շենքերի կառուցման համար հատկացվել է ավելի քան 409 մլն դրամ (ավելի քան 850 հազար դոլար-խմբ․)։ Համապատասխան որոշումն հոկտեմբերի 26-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում։

Ուշագրավը, սակայն, այստեղ այդ որոշումը չէ, այլ այն, թե ում ղեկավարած ՀՈԱԿ-ին  է ուղղվում գրեթե մեկ միլիոն դոլարը:  Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, հեղափոխությունից հետո աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն, ընդհանրապես, կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։ Իր հերթին մամուլը գրում էր, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում կրկին դեր է խաղացել Մարությանի կինը, ով մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ և ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին: 

Պարզապես հետաքրքիր է՝ պատահական սկզբունքո՞վ են այսպես ընտրվել շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն ունեցող ՀՈԱԿ-ը, թե ամեն դեպքում վերը նշված հանգամանքները յուրահատուկ դեր են խաղացել այդ որոշման ժամանակ: