Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, կդառնա «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Նա կվերցնի մանդատը Առուշ Առուշանյանի փոխարեն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը օրեր առաջ հրաժարվել էր պատգամավորական մանդատից, նրան ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, սակայն վերջինս այսօր հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում էր՝ պատգամավորական մանդատից հրաժարվում է։
Գեղամ Մանուկյանն անդրադառնալով այդ հայտարարությանն ասաց, որ Առուշ Առուշանյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից՝ շեշտելով իր Գորիսի համայնքապետ ընտրվելու հանգամանքը․ «Անհամբեր սպասում ենք՝ երբ ենք նրան ազատության մեջ տեսնելու»,-նշեց պատգամավորը:
Զվարթ Պետրոսյան