Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հանքի գործով Քննչական կոմիտեում դեռ որևէ դրական տեղաշարժեր չի ֆիքսել, և քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, նախարարությունը չի կարող միջամտել կամ ազդել գործընթացների վրա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Ես ինքս իմ լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին գործընթացներին միջամտելու կամ ներազդելու որևէ մանդատ չունեմ՝ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել օբյեկտիվ իրականությունը։ Հանգուցալուծումից հետո նոր կարող ենք ներգործել մեր լիազորությունների շրջանակներում»,- նշեց Պետրոսյանը։

Նախարարի խոսքով՝ եթե քրեական գործի հանգուցալուծումից հետո վեր հանվի այնպիսի օբյեկտիվ փաստ, որը կարող է ազդել տվյալ տնտեսավարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ փորձաքննության, ջրօգտագործման իրավունքի վրա, բնականաբար, նախարարությունը իր գործիքակազմերով կմիջամտի։

«Իսկ եթե այնպիսի իրողություն վեր հանվի, որ որևէ կերպ կասկածի տակ չեն դրվում այդ ինստիտուտները, ապա այս պահին կարող եմ ասել, որ տնտեսավարողն ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը»,- եզրափակեց Պետրոսյանը։