Ադրբեջանը պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքում ընկած է կայուն խաղաղության ապահովումը, զարգացումը և առաջընթացը: Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիությանսկզբունքների խստիվ պահպանման վրա»,֊ասված է հայտարարության մեջ: Այնտեղ նշվում է, որ այս փուլում տարածաշրջանում ապագա խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար «կարևոր է ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարությունների դրույթները», որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին։