Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Թե որքանո՞վ է մասնագիտությամբ վիրաբույժ Հարությունյանը տիրապետում բազմաշերտ այս ոլորտին՝ հայտնի չէ։ Սակայն դատելով այս իշխանության օրոք նրա զբաղեցրած պաշտոններից ու տեղափոխություններից՝ դժվար չէ ենթադրել, որ այս նշանակումը ևս նրան առանց պաշտոնի չթողնելու միտում ունի։
Նկատենք, որ Հարությունյանը մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը եղել է Գյումրիի «Բեռլին» պոլիկլինկայի տնօրեն։ Արդեն 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ Առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:
2021-ի տարեսկզբին նշանակվել էր Շիրակի մարզպետ, օրեր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ազատվելով պաշտոնից՝ այսօր արդեն նոր պաշտոնի անցավ։
Հովհաննես Հարությունյանը մասնակցում էր նաև հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ընտրութուններից հետո հրաժարվել էր Գյումրիի ավագանու անդամի մանդատից։