Նախքան հանրահավաքի մեկնարկը հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցի 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած զոհերի հիշատակը։ Ինչպես նշվեց, օրը պատահական չէր ընտրված, մեկ տարի այս օրը ստորագրվել է կապիտուլացիոն հայտնի փաստաթուղթը։
Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ընթացքում իր ելույթում խոսելով օրվա խորհրդից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հայ մարդն ամեն ինչ արեց հաղթանակ ունենալու համար։ Պատերազմ գնացին գիտակցումով, որպեսզի հայ մարդն արարի իր սեփական հողում։ Ցավոք, ՀՀ իշխանության ղեկին բազմած խմբակը իր անկարողությամբ, դավաճանությամբ և անգործունեությամբ երկիրը տարավ կապիտուլացիայի։ Նոյեմբերի 9-ի կապիտուլացիայից հետո, նոյեմբերի 11-ին այս հրապարակում հավաքվեցինք և սկսեցինք պայքար մեկ հիմնական օրակարգով՝ հեռացնել երկրի աղետ ու չարիք բերած իշխանությանը, վերականգնել արժանապատվությունը։ Մենք միասին ութ ամիս փողոցում պայքարել ենք, բայց դեռ մեր նպատակին չենք հասել»։
Սաղաթելյանն այնուհետև հիշեցրեց տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ու նշեց, որ արդյունքում իշխանությունը վերարտադրվեց՝ երկիրը տանելով նոր կորուստների և նոր զիջումների։
«Ընտրություններից հետո շարունակվում են մեր կորուստները։ Թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այս իշխանությունների կողմից չկա դիմադրություն, չկա պայքար։ Կեղծ, ինքնահռչակ, ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի»,- հայտարարեց Սաղաթելյանը։