Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներ չեն նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Известия»-ն։

«Մենք մեկ տարի առաջ ստորագրված փաստաթղթերը չափազանց կարևոր ենք համարում՝ նույնքան կարևոր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմը և ընթանալ տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհով», - ասել է Պեսկովը։ Բացի այդ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Բաքուն և Երևանը շարունակում են համագործակցությունը տարբեր մակարդակներում՝ հավելելով, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ապահովել անվտանգությունը և մոնիթորինգ իրականացնել։