Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետների համար կապահովվի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ՝ մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:
Օերնքի փոփոխության մեջ ասվում է. «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»:
Իշխանությունները բավականին լավ աչքով են նայում պետական ծառայողներին և պաշտոնյաներին, ինչն էլ, իհարկե, հասկանալի է. ուժայիններից հետո, որոնց աշխատավարձը, ի դեպ, նույնպես կտրուկ բարձրացվել է, հենց պետական ծառայողներն են հանդիսանում իշխանությունների հենարանը այսպես ասած՝ միջին օղակում: Թոշակառուների կենսաթոշակը ընդամենը 2000 դրամով բարձրացնողները, եկող տարվա համար ընտանեկան նպաստը բարձրացնելու համար գումար չունեցողները անչափ մտահոգված են պետական ծառայողների սոցիալական վիճակով և դա է պատճառը, որ իշխանությունները որդեգրել են հենց նման առաջնահերթություն քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու ժամանակ: