«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ ընտրություններին Սյունիքի մարզի Աղվանի գյուղում ստացել էր ընդամենը 1 ձայն:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Աղվանի գյուղի ղեկավարի՝ Աշոտ Սուքիասյանի հետ՝ պարզելու, թե ով էր «ՔՊ»-ին 1 ձայն տված քաղաքացին և թե արդյոք թյուրիմացություն էր եղել և այդ 1 քվեն էլ չպետք է լիներ, գյուղապետը պատասխանեց, որ թյուրիմացություն չի եղել, մարդը ում ցանկացել՝ քվեարկել է.
«ՔՊ-ին ձայն տալիս նրան, անգամ, չմտափոխեց ադրբեջանական անցակետերի տեղադրումը: Իշխանության ներկայացուցչին ձայն տվողն ապրում է նորմալ պայմաններում՝ ո՛չ լավ, ո՛չ վատ: Ամբողջ ընտանիքը բնակվում է Կապանում, գյուղում մնացել են ինքն ու մայրը: Մայրը ձայնը տվել է «Շանթ» դաշինքին, ինքն էլ՝ «ՔՊ»-ին»,- ասաց Աշոտ Սուքիասյանը՝ հավելելով, որ իրենց գյուղում ընտրողները քիչ են, հետևաբար բոլորն էլ գիտեն, թե ով, ում է տվել իր ձայնը:
Նա ասաց, որ, ընտրության արդյունքները տեսնելով, անակնկալի չի եկել, սպասում էր, որ այդ պատկերը կլինի. «Մարդիկ իրենք են որոշել՝ ինչ անեն ու ում տան իրենց ձայնը, կոպիտ ասած՝ «վառված են», նրանք այլ բաների էին սպասում, բայց իրականում լրիվ այլ բան ստացվեց, մնացել են շիվար»,- նշեց Աշոտ Սուքիասյանը:
Վերջինս հավելեց, որ Գորիս-Կապան, Ճակատեն_Կապան ավտոճանապարհներին Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետերը չեն արգելափակում բնակիչների տեղաշարժը, քանի որ ինչպես նախկինում, հիմա ևս օգտվում են Տաթևի ճանապարհով. «Այդ անցակետերը մեզ հետ որևէ կապ չունեն, մեր ճանապարհը դեպի Տաթև է եղել:
Թեև մաքսային կետերի տեղակայումը որևէ կերպ չի խոչընդոտում Աղվան գյուղի բնակիչների ազատ տեղաշարժը, այնուամենայնիվ, գյուղապետն այն կարծիքին է, որ «դրանք, որ դրվում են, ոնց որ մուրճով մարդկանց գլխին հարվածեն»:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապան, Իջևան և Ստեփանավան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եղան։
Զվարթ Պետրոսյան