Ոստիկանության  Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝  բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,  իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում  հայտնաբերվել է թալանված BMW մակնիշի ավտոմեքենա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք է դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել,  որ  այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չեն վերադարձրել և ինքը ունի կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Նուբարաշենի  բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ,  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզել են նրանց  ինքնությունը: Նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը: Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից:  Այն քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: Կայքի տեղեկություններով՝ Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է: