ՍԱՏՄ-ն երեկ հայտնել էր, որ «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Բուրգըրի» ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա, տեսչական մարմինը հայտնել էր 13 հոսպիտալացված քաղաքացիների մասին, ում մոտ ախտորոշվել էր «աղիքային վարակ»։ ArmDaily.am-ը կատարվածի վերաբերյալ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ։
-ՍԱՏՄ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է սալմոնելա «Բուրգըրի» ռեստորանից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում։ Չնայած լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, բայց ինչ վարկածներ կան հարուցիչի հայտնվելու հետ կապված, և արդյոք ընկերությունը ներքին կարգով հետազոտություն և ուսումնասիրություն չի իրականացնո՞ւմ։
-Հաճախորդների առողջությունը միշտ առաջնային է եղել մեր ընկերության համար։ Եվ, բնականաբար, մենք էլ մեր անվտանգության բաժնի շնորհիվ իրականացրել էինք մի շարք գործողություններ՝ առաջին քայլով վերհանել էինք տուժած հաճախորդների բոլոր վճարման կտրոններն ու պատվերների պատմությունը, հետևել, թե որ ուտեստներն էին կրկնվող պատվերների մեջ, և, քանի որ կապը կար նաև նրանց հետ, արդեն իսկ մոտավոր գիտեինք, թե որ ուտեստներում էր հարուցիչը և ի սկզբանե բացառեցինք շրջանառությունից հավի միսը։ Երկրորդ քայլով, ավելի ապահով լինելու համար մենք մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս բերեցինք բոլոր այն սննդամթերքները, որոնցից պատկան մարմինների կողմից կատարվել էին նմուշառումներ, ինչի մասին և հայտարարել էինք։ «Երեմյան Փրոջեքթսի» նման օպերատիվությունն ու սկզբունքայնությունը տվեց իր արդյունքները․ մեզ հաջողվեց արագ կանգնեցնել վարակի տարածումը․ այն դեպքում, երբ մենք օրական սպասարկում ենք 8000-ից ավելի հյուրի, տուժած քաղաքացիների թիվը չավելացավ։
Մեր ընկերությունն իր նախաձեռնությամբ նաև երրորդ չեզոք լաբորատորիայի է պատվիրել փորձաքննություններ, որոնց պատասխանն էլ կլինի մոտ օրերս։
ՍԱՏՄ-ն նշեց, որ հարուցիչը հայտնաբերվել է հավի և տավարի մսի խճողակներում, բայց դա երկրորդային պատճառ է։ Երեկ նշվեց, որ հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է և որոշակի ժամանակ կպահանջի։ Սպասում ենք այս երկու լաբորատորիաների վերջնական արդյունքներին։
-Սալմոնելան հիմնականում փոխանցվում է ոչ որակյալ սննդամթերքի միջոցով։ Ըստ Ձեզ՝ սննդամթերքում սալմոնելան «Բուրգըրի» ռեստորանում է հայտնվե՞լ, թե՞ արդեն հարուցիչով է ձեռք բերվել։
-Հենց այդ հարցն է, որ մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք սպասում ենք այդ պատասխաններին, հույս ունենալով, որ դրանք կօգնեն մեզ պարզել ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև՝ բացահայտել առաջնային խնդրի հայտնվելու պատճառները՝ հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։ Իսկ մինչ դա պարզելը ժամանակավոր փակել ենք «Բուրգերի Անգուս ընդ Մոր» ռեստորանը։
-Օրեր առաջ հայտարարությամբ հանդես էիք եկել, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ, և դիմել էիք ԱՆ պարզաբանումների համար։ Արդյոք ստացե՞լ եք արդեն պարզաբանումներ։
-Որևէ պարզաբանում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպությունը դեռ չի ստացել։ Երեկ մենք ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ ուղարկել ենք երկրորդ հարցումը՝ ակնկալելով այդ հարցերի պատասխանները։
-Արդյոք այս դեպքերից հետո խստացումներ և հավելյալ ստուգումներ են իրականացվում «Երեմյան Փրոջեքթս»-ի այլ հաստատություններում։
Նախ միանգամից նշենք, որ կազմակերպության որևէ այլ ռեստորանում ոչ մի խնդիր չի եղել։ Բացի այդ հանրային սննդի օբյեկտները հստակ պարբերականությամբ ստուգումներ են անցնում ՍԱՏՄ-ի կողմից (մեր կազմակերպությունում վերջին ստուգումները եղել են նախորդ ամսվա ընթացքում) և արվում են համապատասխան եզրակացություններ․ մեր հաստատությունների դեպքում այդ ստուգումների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։
Եվ, վերջապես, դարձյալ անդրադառնանք թվերին․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում օրական սպասարկվում են միջինում 8-9 հազար մարդ, և, հաշվի առնելով այն փաստը, որ բացի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանից մնացածը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը, և որևէ նոր դեպք չի արձանագրվել, կարծում ենք, կարելի է անել համապատասխան եզրահանգումներ մեր աշխատանքի որակի մասին։
-Ինչպես կազդեն վերջին դեպքերը ընկերության վարկանիշի վրա։
Այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մարդկանց առողջության մասին, մեր ընկերության վարկանիշը երկրորդային է դառնում։ «Երեմյան Փրոջեքթսն» արդեն 15 տարի շուկայում է, և սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է։ Մենք մեր հեղինակությունը վաստակել ենք որակյալ, ազնիվ և արդար աշխատանքով, մեր սկզբունքայնությամբ և նվիրումով։
Հ.Գ Մեր հարցազրույցը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ նմուշառված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:
Արփինե Պետրոսյան