Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու արդեն մշակութային դարձած գլուխգործոցներ։ Երկուսն էլ Երևանի բարեկարգման քողի տակ...
Խնդրում եմ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևան քաղաքի Պատմության Թանգարանին հուշեք՝ ամենայն հարգանքով, որ իր հիմնական գործը ոչ թե ինչ-որ զարդեր ցուցադրելն է (՞), այլ օրինակ էս պատմական քարերը ու օրիգինալ պատուհաններն ու դռները պահելը, գույքագրելը և կոնսերվացնելը»:
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պատմության Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, պատասխանելով Վիկտոր Մնացականյանի քննադատությանը, նշեց, թե նախկին թաղապետը մինչ գրառում կատարելը կարող էր գնալ, տեսնել ցուցադրությունը, նոր մտքեր արտահայտել․ «Դա իր կարծիքն է, իր մեկնաբանությունը, որին ես համամիտ չեմ։ Թանգարանի առաջին գործառույթը այնտեղի ցուցանմուշները պահպանելն ու հաջորդ սերունդներին հանձնելն է, դրանք հրատարակելը, հանրությանը ներկայացնելը։ Դրանք ինչ-որ զարդեր չեն, 19-րդ դարի մեր արծաթագործ վարպետների աշխատանքներն են, որոնցով կհպարտանա աշխարհի ցանկացած թանգարան։ Մենք որոշ կարևոր շենքերի դարպասներ, դռներ բերել, պահպանում ենք, եթե շենքը քանդվում է և դարպասները պետք է վտանգի ենթարկվեն գոնե դրանք մեզ մոտ պահպանվում է։ Օրինակ, ժամանակին մեզ մոտ բերվել և պահպանվել է Պողոս Պետրոս եկեղեցու դռները, որը քանդվել է 1930-ական թվականներին, քաղաքում հայտնի մարդկանց տները երբ քանդվել են, ինչ-որ մասունքներ փրկվել, բերվել են թանգարան։ Չգիտեմ՝ ինչու է ինքը մեզ այդ հարցերում մեղադրում։ Մենք մեր առաքելությունը նորմալ կատարում ենք»,- ասաց Արմինե Սարգսյանը։ 
 
Թանգարանի տնօրենը նշեց, որ չի տեսել Մնացականյանի հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները, հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող։
«Շատ տխուր է, որ իր կարծիքն ու պատկերացումներն այդպիսին են մեր ցուցադրության վերաբերյալ։ Ինքը կարող էր գալ տեսնել ցուցադրությունը, նոր մտածեր մեր պարտականությունը դրանք ցուցադրելն է, թե՞ իր ասած ուղղությամբ ուղորդվելը։ Երբ ինքը կենտրոնի թաղապետ էր՝ կարող էր այն ժամանակ դրանով ավելի լավ զբաղվել»,- ասաց թանգարանի տնօրենը։
 
Նշենք, որ Վիկտոր Մնացականյանը իր գրառման մեջ ակնարկել էր դեկտեմբերի 1-ին թանգարանում տեղի ունեցած «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության և Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ: 
 
Սոնա Հարությունյան