Մամուլը այսօր գրել էր, որ Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց: «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»- ասել էր Ավագյանը, նշելով, որ թեստ է հանձնել նաև ամսի 30-ին և այն արդեն իսկ բացասական էր: Սակայն այդ ինֆորմացիան Ավագյանը հայտնել է մի փոքր կամուկացից հետո, ինչը որոշակի հարցեր է առաջացնում: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում թեստերի արդյունքների կեղծման պրակտիկա կա, հետևություններ չենք անում, սակայն՝ արձանագրում ենք հենց իրավապահների կողմից ֆիքսված փաստը:
Գաղտնիք չէ, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրցումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը:
Մասնավորապես՝ օրենսգրքում՝ 124.1 հոդվածով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում ավելացել է նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը:
Ըստ այդմ՝
1. Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվում ավելացել է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածը, որը վերաբերում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելուն:
Համաձայն վերջինիս՝
1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։
Այսինքն, եթե ապացուցվի, որ ՔՊ-ական համայնքապետը տենչալով հանդիպել յուր համայնքի բնակիչների հետ անզգուշորեն վարակել է որևէ մեկի, կամ մի շարք անձանց՝ նրա նկատմամբ պետք է կիրառվի վերը նշված պատիժներից մեկը: Եթե չկիրառվի, նշանակում է ՔՊ կողմից ընդունված այս օրենքը չի տարածվում յուրայինների վրա և ՔՊ-ականների դարդը բնավ էլ համավարակի դեմը առնելը չէ, այլ տուգանքներով բյուջեն լցնելը: Դե ինչ, առնվազն տուգանքի մասով պատկան կառույցները այստեղ մեծ «որս» կարող են անել, եթե, իհարկե, յուրայիններին տուգանում են: Հուսանք՝ իշխանությունների համար չի գործում այն սկզբունքը, որ եթե պաշտոնյան կարող է ընտրություններին ՔՊ-ի համար որոշ քանակի ձայն ապահովել, ապա կարող է դա անել ցանկացած գնով, այդ թվում՝ բնակիչների առողջությունը վտանգելով: