Թալին խոշորացված համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 46.6 %-ը կամ 5037 ձայն։ Ընտրապայքարի մեջ մտած ուժերից «Զարթոնք» կուսակցությունը ստացել է 26% կամ 2882 ձայն, «Հայք»-ը՝ 15 % կամ 1624 ձայն, «Մեր համայնքը» դաշինք 11 % կամ 1258 ձայն։ Քանի որ ՔՊ-ն չի ստացել ընտրողների ձայների 50+%-ը, պետք է կոալիցա կազմի։

ՔՊ ցուցակը գլխավորում էր Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։ Վերջինս աչքի է ընկել հատկապես նախընտրական ուղերձով, որտեղ Սափեյանը հանդես էր գալիս առանձնահատուկ առողգանությամբ ու ոգևորությամբ։ Այն շատերին հիշեցնում էր առաջին դասարանցու հանդեսի ելույթ։ 

Նկատենք, որ Սափեյանի անունը շոշափվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած կրակոցների գործով, որով ներգրավվել էր որպես կասկածյալ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով մուտք էին գործել ՋՕԸ և փորձել իրենց կրտսեր որդուն՝ Տավրոս Սափեյանին նշանակել պետի տեղակալ: 
 
 

Նշենք, որ Թալինում «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում էր 2002-2012 թթ.-ին Թալին համայնքը ղեկավարած, ապա ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը։ «Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր մարզիչ-մանկավարժ Կարեն Գրիգորյանը։ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը անկուսակցական Տիգրան Հարությունյանն էր։ 

Սոնա Հարությունյան