Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ երկրները կվերսկսեն չարտերային թռիչքները Ստամբուլի եւ Երեւանի միջեւ: Հայկական կողմը փաստացի չի շտապել ոչ հաստատել, ոչ հերքել այս տեղեկությունը: Միայն այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն բարեհաճեց անդրադառնալ հանրությանը հուզող այս հարցին և հաստատել, որ, այո, Չավուշօղլուի ասածը իրականություն է, և հայկական կողմը տվել է իր համաձայնությունը:
Սակայն, ուշագրավ է, որ դեռ շաբաթներ առաջ հայ պաշտոնյաներն օրը ցերեկով ստում էին հանրությանը և փորձում համոզել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում սայլը տեղից չի շարժվել: Մասնավորապես, իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ այս առումով դեռևս որևէ նորություն կամ առաջընթաց չենք արձանագրել:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հրապարակային ելույթներում նույնպես բազմիցս խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, սակայն, ամեն բան ներկայացվել է այնպես, որ հայկական կողմը ակնկալում է դրական ազդակներ ստանալ Անկարայից և դեռևս այդ ազդակներից որևէ նորություն չկա: Գրիգորյանն էլ, ԱԳՆ-ն էլ հայտարարում էին, որ թուրքական կողմի հետ որևէ բանակցություն չի ընթանում:
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր հերթին, կարծես թե, մոռացել է հանրությանը տեղեկացնել, որ շուտով վայելելու ենք ոչ միայն լոուքոսթերները, այլ նաև Անկարա-Երևան ուղիղ չվերթը, ինչպես և մոռացել էր զգուշացնել, որ ադրբեջանական օդանավերը անխափան կարողանալու են հատեն ՀՀ օդային տարածքը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին քիչ է անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների թեմային, սակայն, հասցրել է ընդգծել, որ զիջումների հիման վրա այդ գործընթացը չի կարող կառուցվել, ավելին՝ միջանցքային տրամաբանությունը, որն առաջ է քաշում Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ, անընդունելի է հայկական կողմի համար: Սակայն, անգամ երեկ տարածած հայտարարության մեջ թուրքական կողմը չէր մոռացել հիշատակել, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում սերտորեն աշխատելու է Ադրբեջանի հետ, այսինքն՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները, որոնք էլ հենց հանգում են միջանցքային տրամաբանությանը:
Ստացվում է' ՀՀ չորս առանցքային պաշտոնյաներ ամիսներ շարունակ մոլորեցրել են հանրությանը և փորձել ժամանակ շահել, որպեսզի հետագայում այդ նույն հանրությանը կանգնեցնեն արդեն իսկ կատարված փաստի առջև, ինչպես եղավ Արցախի հարցում: Այս իշխանությունների համար ժողովրդի թիկունքում աշխատելն արդեն ավանդույթ է դառնում, իսկ դե թե ինչու էր պետք թաքցնել թուրքական կողմի հետ քիրվայանալու հարցում արձանագրած ձեռքբերումները՝ պարզ է, որպեսզի հանրությունը չտեղեկանա, թե ինչպիսի զիջումների հաշվին են այդ ձեռքբերումներն արձանագրվել...: