Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։
Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- գրել է նա։
Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքներում մուտքի ռեժիմները պետք է լինեն նման:
««Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքում է»,- ասել էր պետության ղեկավարը։
Նա նշել էր, թե եռակողմ հայտարարություններում ասվում է, որ Բաքուն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Ի պատասխան՝ Երեւանը պետք է ապահովի նույն անխոչընդոտ մուտքը դեպի «Զանգեզուրի միջանցք»։
«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - հավելել էր Ալիևը։