Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: ՔՊ-ականները դեռ չեն հիմնավորել, թե կոնկրետ ինչն իրենց չի բավարարել քաղաքապետի աշխատանքի մեջ, սակայն, պարզից էլ պարզ է, որ այս գործընթացն ունի բավականին նուրբ տողատակեր և նրբերանգներ:

Մինչ պատերազմը Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա էին: Փաշինյանն իր գրառումներում նշում էր Մարությանին և գովում վերջինիս աշխատանքը:

Այնուհետև Փաշինյանը պաշտպանում էր Մարությանին, երբ վերջինս արել էր իր հայտնի հայտարարությունը՝ հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների:

Դրանից հետո վարչապետն ու քաղաքապետը միասին մասնակցում էին շաբաթօրյակի` այդպիսով ցույց տալով, որ մեկ թիմ են:

Իր հերթին Հայկ Մարությանը հեղափոխության առաջին իսկ օրերից կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին: Ամբիոնից նա հայտարարում էր, որ զզվում է ՀՀԿ-ից;

Արդեն ընտրությունների ժամանակ Մարությանը վստահություն էր հայտնում, որ Հայաստանում բռնապետությունն այլևս անհնար է, որ իրեն ընտրողը ընտրում է նաև ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին և որ ինքը ՔՊ անբաժան մասնիկն է:

Այնուհետև հետևելով Նիկոլ Փաշինյանի օրինակին՝ Մարությանը հասարակությանը բաժանեց սևերի և սպիտակների՝ էլ ավելի մեծացնելով հանրության մեջ եղած տարանջատումը և թշնամանքը:

Ինչպես երևում է՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին արտահայտությունն այս դեպքում ավելի քան տեղին է: Ընդ որում, հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գովում և աջակցում էր Հայկ Մարությանին՝ վերջինս առանձնակի կատարած աշխատանք նույնիսկ չուներ, իսկ հիմա, երբ, կարծես, այս առումով սայլը տեղից շարժվում է, ՔՊ-ն և Փաշինյանը հանկարծ դժգոհում են քաղաքապետից: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Փաշինյանի համար կատարած աշխատանքն ու արդյունավետությունը չէ գլխավորը, այլ լոյալությունը և իր քաղաղաքական ծրագրերի իրականացումը: Այդ ճանապարհին նա պատրաստ է «ժերտվա» տալ բոլորին, անգամ այն յուրայիններին, որոնց ընդամենը ամիսներ առաջ հրապարակային գովաբանում էր...