Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրեն անվստահություն հայտնելու՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշման վերաբերյալ:
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»,- գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով, որ՝
1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ;
2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում;
3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;
4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները;
5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը;
6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:
«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։