ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը:
«Այսօր տեղեկացանք, որ ընդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը։
Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։
Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։
Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով սակայն, հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։
Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 《Հայաստան》 դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ մեր ընդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային Ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։
Հույս եմ հայտնում, որ մեր ընդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»,- գրել է նա։