Փորձագետները պաշտոնապես հայտարարել են իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հրաբխի սեպտեմբերի 19-ին սկսված ժայթքման ավարտի մասին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կանարյան կղզիների պետական կառավարման, արդարադատության և անվտանգության դեպարտամենտի ղեկավար Խուլիո Պերեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ժայթքումն ավարտվել է»,- նշել է նա։ Տեսանելի հրաբխային ակտիվությունը գրեթե ամբողջությամբ դադարել էր դեռեւս դեկտեմբերի կեսերին, սակայն փորձագետները ցանկանում էին սպասել, որպեսզի համոզվեն, որ ժայթքումը չի վերսկսվի:

 
 

Նշվում է, որ երեք ամսվա ընթացքում հրաբուխն ավերել է ավելի քան մեկուկես հազար տուն և 73 կիլոմետր ճանապարհ՝ կղզին վերածելով հետապոկալիպտիկ խաղի տեսարանի։

Սակայն, կան նաև դրական կողմեր՝ արտանետումների և սառած լավայի շնորհիվ կղզու ընդհանուր տարածքն ավելացել է 43 հեկտարով։

Այժմ փրկարարներն ու տեղի բնակիչները պետք է տոննաներով փոշուց և մոխրից մաքրեն ինչպես հին, այնպես էլ նոր տարածքը։ Բայց դրանում նրանց խանգարում են անընդհատ ժամանող զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչի է վերածվել կղզին։ Նրանց թվում կան բազմաթիվ հրաբխագետներ, ովքեր բազմաթիվ արշավներ են կազմակերպել Պալմա՝ հզոր հրաբխի հետ ծանոթանալու համար։

Հավելենք, որ այս ժայթքումը ամենատեւականն է եղել կղզու պատմության մեջ։ Մինչ այդ ռեկորդ է գրանցվել 1585 թվականին, երբ Պալմայում ժայթքումը 84 օր է տեւել։