44-ամյա ավստրալացի Նոամ Հուպերտին արգելել են հեռանալ Իսրայելից մինչև 9999 թվականը, քանի դեռ նա միլիոնավոր դոլարների ալիմենտներ չի վճարել իր երեխաներին, հայտնում է The Jerusalem Post-ը։
Պարբերականը պարզաբանում է, որ ալիմենտի չափը 2013 թվականին, երբ ուժի մեջ է մտել արգելքը, կազմել է 3,34 մլն դոլար։
Հուպերտը, ով աշխատում է դեղագործական ընկերությունում, ամեն ամիս պետք է 5000 նոր իսրայելական շեկել վճարի իր երեխաներից յուրաքանչյուրին մինչև նրանք կդառնան 18 տարեկան:
Նրա կարծիքով՝ Իսրայելում տարածված է խտրական պրակտիկա՝ այս կերպ պատժելու այն օտարերկրացիներին, ովքեր ամուսնալուծվում են իսրայելցի կանանցից։ Նա պարզաբանում է, որ ցանկացած իսրայելցի կին, եթե չի ցանկանում արտադատարանական պայմանավորվածություն ձեռք բերել ալիմենտի չափի շուրջ, կարող է դիմել իշխանություններին և խնդրել, որ արգելեն իր նախկին ամուսնուն հեռանալ։
«Երբ հայրը ստանա հեռանալու արգելքի մասին որոշումը, նա կարող է ազատազրկվել մինչև 21 օրով՝ անկախ նրանից՝ ի վիճակի է վճարել երեխայի ալիմենտը, թե ոչ՝ առանց նրա ֆինանսների որևէ ուսումնասիրման: Ակնկալվում է, որ տղամարդիկ կվճարեն իրենց եկամտի 100%-ը կամ ավելին»,- ասում է կինեմատոգրաֆ Սորին Լուկան, ով այժմ աշխատում է «Հեռանալու իրավունք չկա» ֆիլմի վրա, որը նվիրված է այս խնդրին:
Նման սահմանափակումների տարածվածության մասին հաղորդում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը՝ դրանով իսկ կոչ անելով ամերիկացիներին զգուշություն ցուցաբերել իսրայելցի կանանց հետ ամուսնանալիս։