Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Կառավարությանը' ասաց, թե այս տարիների ընթացքում Հայաստանից մոտ 200.000 մարդ է արտագաղթել, ապա նշեց օրեցօր աճող աղքատության ցուցանիշը:
Այնուհետ պատգամավորը հարցրեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին, թե մի՞թե այս պատկերից ելնելով' ինքը և իր կառավարության անդամները մեղքի զգացումով չեն հրաժեշտ տալիս կառավարությանը:
Ի պատասխան, Տ. Սարգսյանը նախ նկատեց, թե այս տարիներին բազմաթիվ բացթողումներ, սխալներ են եղել, իսկ սխալ չի կատարում նա, ով ոչինչ չի անում:
«Չկա մի մարդ, որը մեղք գործած չլինի, որ չզղջա, բայց համարձակություն է պահանջում, որ մարդ կարողանա իր մեղքերն ընդունի, որ չկրկնի»,- նշեց Տ. Սարգսյանը:
Վերջինս, սակայն, չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկմանը, թե այս տարիներին Կառավարությունը պետք է աներ քայլեր, որպեսզի ձախողումներ չլինեին: «Համաձայն չեմ, որ ձախողել ենք, արել ենք առավելագույնը, որ եղած այդ բացասական երևույթները մեղմենք։ Իհարկե, կան ծրագրեր, որ չենք արել, բայց ընդհանուր ռազմավարությունը ճիշտ է եղել, իսկ թերացումն այն է, որ Ձեզ հետ միասին չենք կարողացել գալ համաձայնության այն հարցի շուրջ, չենք կարողացել Ձեզ համոզել, որ մեր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան Ձերը»,- ասաց նա։