Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ակնհայտորեն չի հաշտվում խորհրդարանում հայտնվելու մտքի հետ: Վերջինս ցանկանում է ամեն գնով վերադառնալ գործադիր և ստանալ ավելի մեծ իշխանություն ու լծակներ ենթադրող պաշտոն: Նրա հերթական թիրախը Երևանի քաղաքապետի պաշտոնն է: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն էր ստեղծվում հետևելով, թե ինչպիսի եռանդով է Թորոսյանը հրապարակավ քննադատում արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Թորոսյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Մարությանը խզել է կապն իրեն պաշտոնի բերած քաղաքական ուժի հետ և վերջինիս, ըստ էության, մեղադրել է անշնորհակալ և անպատասխանատու լինելու մեջ:

Մարությանի հեռանալուց հետո Թորոսյանը լծվել է քաղաքապետարանում իր կադրերին աշխատանքի դասավորելով: Մամուլի տեղեկություններով' Թորոսյանն ամեն գնով ցանկանում է Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավարին տեղափոխել Երևանի քաղաքապետարան։ Ըստ ամենայնի՝ Ծաղիկ Վարդանյանը կշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ։

Սակայն, իր այս հավակնություններում Թորոսյանը միայնակ չէ: Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Թորոսյանից զատ քաղաքապետական ամբիցիաներ ունի նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս ցանկանում է մայրաքաղաքի համակարգումն իր ձեռքը վերցել: Չի բացառվում, որ կառավարությունում մի նոր կառույց ստեղծվի, որը կզբաղվի Երեւան քաղաքի հարցերով եւ կղեկավարվի հենց Ավինյանի կողմից, սակայն նախկին փոխվարչապետը ցանկանում է պաշտոն ստանալ նաեւ հենց քաղաքապետարանում:

Թե Թորոսյանը, թե Ավինյանը քաջ գիտակցում են, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թույլ և ժամանակավոր ֆիգուր է և երկարաժամկետ կտրվածքով Փաշինյանը նրա հետ պլաններ չի կապելու: Այդ իսկ պատճառով այս երկու պաշտոնյայի միջև արդեն իսկ նշմարվում է մրցակցություն՝ Սարգսյանի տեղը զբաղեցնելու համար: Ընդ որում, Ավինյան-Թորոսյան մրցակցությունը նոր չէ: 2019 թվականին մամուլը գրում էր, որ փոխվարչապետ Ավինյանը դեմ էր նախարար Թորոսյանի հակածխախոտային օրենքին, իսկ Թորոսյանը հայտարարում էր, որ այս հարցը կլուծի վարչապետ մակարդակով՝ ստանալով Փաշինյանի աջակցությունը: Հարաբերությունները բավական լարված էին նաև համավարակի թեժ փուլում, երբ պարետն ու նախարարը աչքի էին ընկնում չհամակարգված աշխատանքով:

Նրանց մրցակցությունը, անշուշտ, Փաշինյանի աչքից չի վրիպել, վարչապետը 2020 թվականի ապրիլին ուշագրավ մեսիջ հղեց երկու կողմին էլ: Մի որոշ շրջան պարետատան նիստերին սկսել էր մասնակցել նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ում հետ Արսեն Թորոսյանի հարաբերությունները բավական լարված են։ Նիստերն էլ սկսել էր վարել ոչ թե պարետ Տիգրան Ավինյանը, այլ Փաշինյանը։ Մի կողմից Փաշինյանն ուզում է հասկացնել, որ դժգոհ է Ավինյանից՝ նա տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, մյուս կողմից անհանգիստ է, որ պարետի պաշտոնը կարող է ամրապնդել Ավինյանի դիրքերը, և ինքն անձամբ վարելով նիստերն ու թույլ չտալով, որ Ավինյանը միանձնյա ղեկավարի կորոնավիրուսի դեմ պայքարը' թուլացնում է նրան։ Մյուս կողմից էլ փորձ է արվում կոտրել նաև Արսեն Թորոսյանի «առողջապահական» մոնոպոլիան՝ նրա «ոխերիմ» բարեկամ Նարեկ Զեյնալյանին այս գործընթացին ներգրավելով և նրա դերակատարությունը ևս մեծացնելով։

Ինչպես կարձագանքի Թորոսյան-Ավինյան հակամարտության այս փուլին Նիկոլ Փաշինյանը և ո՞ւմ կընտրի նա որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ ցույց կտա ժամանակը, սակայն, ակնհայտ է, որ կողմերը չեն պատրաստվում զիջումների գնալ և ներիշխանական նոր բախումը, կարծես թե, անխուսափելի է դառնում: