«2556 նոր դեպք ունենք, ուրախալի լուր է, որ հիվանդացածների միայն 5%-ը հոսպիտալիզացման կարիք ունի». Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,–նշեց Ավանեսյանը։
Անահիտ Ավանեսյանը ասաց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են.
«Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ: Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են: Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ «Pfizer»-ն առաջիկայում կլինի Հայաստանում: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65+ քաղաքացիների պատվաստումներն 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք են գտնվում ռիսկի խմբում»,- ընդգծեց Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաև մինչև 18 տարեկանների շրջանում.
«12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի: Պատվաստումներ ակտիվ իրականացվում են Վայոց ձորի, Արարատի մարզում. ակտիվ է նաև Երևանում»,- եզրափակեց ԱՆ նախարարը:\