ՏԻՄ ընտրություններից հետո բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Էջմիածին քաղաքում, որտեղ ՔՊ-ականների արշալույսները, կարծես թե, այնքան էլ խաղաղ չեն։ Էջմիածինը, թերևս, միակ քաղաքն է, որտեղ փոխքաղաքապետը առաջին հայացքից շատ ավելի ակտիվ է ներգրավված քաղաքի կառավարման գործում և ավելի լուրջ իշխանական լծակների  է տիրապետում, քան ընտրված քաղաքապետը։ Դիցուք` Արսեն Պետրոսյանը հեղափոխությունից հետո է նշանակվել այս պաշտոնում, մամուլը բազմիցս գրել էր, որ քաղաքում որոշակի դժգոհություններ են ի հայտ եկել կապված վերջինիս կողմից արմատավորվող բարքերի հետ։ Պետրոսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, ինչը չես ասի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին։
 
Ի դեպ, նշենք, որ Պետրոսյանը չունի անգամ բարձրագույն կրթություն։ Նա միջնակարգ կրթու­թյուն ունի (ճանաչողների ասելով՝ նույնիսկ 8-ամյա), Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խաղատան դիլերներից է եղել, այնուհե­տև տաքսի վարել, որից հետո դարձել Էջմիածնի փոխքաղա­քապետ: Սակայն վերջինիս գլխավոր ձեռքբերումներից է այն, որ նա համարվում է հեղափոխության ընթացքում Էջմիածնում ցույցեր և բողոքի ակցիաների գլխավոր կազմակերպիչը, թերևս դա էլ հենց հիմք է հանդիսացել վերջինիս տվյալ պաշտոնում նշանակելու համար։
 
 
Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ հենց Պետրոսյանն էր լծված հանրահավաքներին մարդկանց տանելու սուրբ գործին, այդ մասին մամուլում նույնիսկ սկանդալային ձայնագրություններ հայտնվեցին։
 
Պետրոսյանի ակտիվությունը, դժվար թե, լինի քաղաքապետ Գասպարյանի սրտով, ով շուրջ երեք տարի է փորձում է քաղաքում իշխանությունը ամբողջությամբ իր ձեռքը վերցնել, սակայն, դա նրա մոտ այդպես էլ չի ստացվում։ 2019-ին փոխքաղաքապետի դեմ մի քանի շաբաթ շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, որոնց կազմակերպիչները անհայտ էին, ինչպես նաև անհայտ են անձինք, ովքեր մամուլում սլիվ էին արել վերը նշված ձայնագրությունը։ Գուցե դրանք հենց իր թիմակիցնե՞րն էին, ամեն դեպքում դա բացառել չի կարելի` հաշվի առնելով, որ որոշակի լարվածություն և պայքար ավելի մեծ թվով լծակներ ստանալու համար ակնհայտորեն նկատվում է։ Փոխքաղաքապետի դեմ կազմակերպված ցույցերին անմիջապես հաջորդեցին արդեն քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները: Զուգադիպությո՞ւն է, դժվար թե:
 
Մամուլը գրել էր այն մասին որ, փոխքաղաքապետը այնքան լավ է տեղավորվել, որ նույնիսկ քաղաքի աղբի տեսակավորման բիզնեսն է իրենով արել։ Քաղաքապետարանից, իհարկե, հերքել էին, այլ պատասխան դժվար էր սպասել։ Սակայն հակառակում հանրությանը և հատկապես էջմիածինցիներին համոզել չի ստացվում։  Դիանա Գասպարյանը բնականաբար կատարում է պատասխան քայլեր, դիցուք` քաղաքապետարանում ընտրություններից հետո կադրային փոփոխություններ են նախաձեռնվել, և քաղաքապետը հետևողականորեն ազատվում է Կարեն Պետրոսյանի կադր համարվող աշխատակիցներից։ Սա անշուշտ վկայում է, որ իշխանության և հավելյալ լծակների համար պայքարը Էջմիածնի ՔՊ-ականների միջև շարունակվում է, և մնում է հասկանալ` ո՞վ է իրականում ղեկավարում քաղաքը` ընտրված Դիանա Գասպարյա՞նը, թե նշանակված Կարեն Պետրոսյա՞նը...