«Հայհոյանքը պետք է արգելված լինի. հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել Հայաստանում, արգելված կա եւ հուսամ՝ արգելված կմնա». Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House–ի զեկույցին, որտեղ վերջինս մտահոգություն էր հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:

«Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից: Ցավոք, սոցցանցերի տարածման միջոցով, երբ անձն, ըստ էության, հակառակ դեպքում հայհոյանք չէր տա, որովհետեւ կենթարկվեր առնվազն որոշակի բարոյական պարսավանքի, սոցիալական ցանցերի ազդեցության պարագայում վերածվել է մի դաշտի, որը կարող է բերել շատ ավելի կրիմինագեն երեւույթների: Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսեւորում է, հայհոյանքը խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ, ըստ էության, նույնիսկ ՄԻԵԴ-ը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրելու: Օրենքի ընդունման նպատակը այս իրավիճակը շտկելն է»,-ասաց նա: