Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան: Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ:

«Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա: Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը: Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ –ից, Վրաստանից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդամենը օրեր առաջ մենք անդրադարձել էինք այս հարցին և գրել, որ շուկայում բավական մեծ ներկայացվածություն ունեն հայտնի օլիգարխներին պատկանող ընկերությունները: Իսկ քանի որ վերջիններիս մոտ հաճախ է նկատվում գերշահույթներ ապահովելու ցանկություն, թե՛ գների կտրուկ աճը, թե՛ ՄՊՀ վերլուծությունը հարցեր են առաջացնում: Այսինքն՝ գյուղացիներին սուբսիդավորելու գումար կառավարությունը չունի, իսկ օլիրգարխների բիզնեսների համար այդ գումարը գտնվել է: Ժամանակին, երբ նման վարքագծով աչքի էր ընկնում ՏՄՊՊՀ նախկին ղեկավար Արտակ Շաբոյանը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ կառույցը դարձել է օլիգարխների պաշտպանության կոմիտեի, իսկ ժողովրդի, սպառողի մասին մտածող չկա: Թե որքանով է փոխվել իրավիճակը՝ դատեք ինքներդ...