Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«34 տարի առաջ սկսվեց արցախյան շարժումը, որն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր։

Սակայն
ժամանակը ցույց տվեց, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում, ցավոք, արժանի կերպով չենք գնահատել Արցախը և հետևաբար չենք գիտակցել նրա առանցքային ու ռազմավարական նշանակությունը հայկական քաղաքակրթության կենսունակության երաշխավորման շրջանակում:

Արցախի վերաբերյալ մեր մոտեցումներն ու վերաբերմունքը շատ դեպքերում եղել է խիստ բևեռացված և հիմնականում սահմանափակվել էմոցիոնալ դիրքորոշումներով:

Ներկայումս Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ունեն խիստ վերանայման կարիք, որտեղ հիմնականում էմոցիանալ մոտեցումները պետք է փոխարինվեն քաղաքակրթական, անվտանգային, ռացիոնալ ու ռազմավարական ընկալումներով, որի շրջանակներում պետք է հստակ գիտակցվի, որ Արցախը հայկականության ֆիզիկական և հոգևոր անվտանգության երաշխավորման կարևորգույն սյուներից է:

Այսօր յուրաքանչյուրիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի հայկականության պահպանմանն ու երաշխավորմանը, իսկ ՀՀ պետական քաղաքականությամբ հետևողական լինել Արցախի միջազգային իրավունքների իրացմանը՝ ապահովելով հայության արդար պայքարի վերջնանպատակի իրագործումը։

Արցախում են խաչվում հայկականության անցյալը, ներկան և ապագան»: