Այսօր դատախազությունից հայտնեցին, որ Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքի անդամները կանչվել են ՀՀ դատախազություն: Այս ամենին զուգահեռ մամուլում սկսվեց տեղեկություն տարածվել այն մասին, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում է իրականացրել, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց Փայլակ Յայլոյանի որդու՝ Արտակ Յայլոյանի հետ, որն ասաց՝ չարաշահումների մասով տարածված տեղեկությունը, ինչպես նաև քրեական գործը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, սուտ են: Նա չհերքեց այն փաստը, որ իրենց ընտանիքի գույքը այս պահին էլ գտնվում է կալանքի տակ.

«Տվյալ գործը 2019 թվականից վարույթ է ընդունվել յուրացման հատկանիշներով, սակայն, 3 տարիների ընթացքում դատախազության, քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի գործողությունների ընթացքում մինչ օրս անգամ 1 դրամի չարաշահում կամ յուրացում չի հիմնավորվել, որովհետև նման բան երբևիցե չի եղել: Գործը մինչ այս պահը գտնվում է քննչական մարմիններում, այն դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Մետրոպոլիտենի նախկին տնօրենի որդին:

Նա ասաց, որ մամուլում այսօր նման աղմուկ բարձրացավ, քանի որ ժամանակին քննչական վարույթի շրջանակներում կալանք էր դրված իրենց գույքի վրա, որը դատարանի որոշմամբ հանվեց. «Դախազությունը ստիպված եղավ մեկ անգամ ևս կալանք դնի: Այս է ամբողջ ճշմարտությունը: Մի քրեական գործով կալանքից հանեցին, ստիպված եղան նոր քրեական գործ բացել, որ դնեն նորից կալանքի տակ»- նշեց Արտակ Յայլոյանը:

Հետաքրքրվեցինք, եթե Փայլակ Յայլոյանը արդար է աշխատել, ապա որն է իմաստը նրա դեմ քրեական գործեր հարուցելու, մեր զրուցակիցը կտրուկ պատասխանեց. «Խնդիրը սևերի, սպիտակների, հների և «թազաների» մեջ է»,- նշեց նա:

Մեր ճշգրտող հարցին, թե քաղաքական տերմինը օգտագործելով՝ սևեր-սպիտակներ, ցանկանում էր ասել, որ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում, նա ասաց. «Քաղաքական որևէ տարր չկա այստեղ: Մենք դրա մեջ ոչ եղել ենք, և ոչ էլ ցանկանում ենք լինել: Խնդիրն այն է, որ ժամանակին մարդիկ մտածում էին, թե ողջ Հայաստանը պարտադիր պետք է կոռումպացված լինի, չգիտես ինչու, ու թազա եկողները սուրբ են, բայց չեն ասում, որ բոլոր մարդիկ չեն եղել գռփող և թալանչի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սևեր-սպիտակներ արտահայտությունը  արել է քաղաքապետը և այն քաղաքական իմաստ չունի: 

Վերջինս նշեց, որ հայրը 28 տարուց ավելի աշխատել է Մետրոպոլիտենում, ու նրա օրոք այն միմիայն աճ է գրանցել բոլոր տեսանկյուններով և կարծում է, որ արդար չէ անհիմն մեղադրանք առաջադրելը՝ որևէ ապացույց չունենալով. «Պետք է մաքուր աշխատել, այո՛, եթե ինչ-որ մեկը պետության անգամ մեկ կոպեկը կերել է՝ պետք է վերադարձնի, աբսուրդ է մեղադրել այն մարդուն, որն իր ողջ կյանքը դրել է պետական հիմնարկի կառուցման վրա. պետք չէ թացը չորի հետ վառել»,- ասաց նա:

Հարցին, եթե անհիմն մեղադրանք է, ապա ի՞նչ քայլեր են պատարստվում իրականացնել, Արտակ Յայլոյանը պատասխանեց. «Մենք ուղղակի պաշտպանվում ենք: Ցանկացած քննիչի, դատախազի կանչով գնում ենք և մեր վարկածը տալիս, որ սա այսպես է, այն՝ այնպես, և որ իրենց ենթադրած բաները իրականությանը չեն համապատասխանում, 3 տարի է՝ նույն պատմությունն է, էլ ի՞նչ պետք է անենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարող եք ընթերցել նաև՝ «Մետրոպոլիտենում Ազգային անվտանգության ծառայությունը իրականացրած ստուգումները» նյութը:

Զվարթ Պետրոսյան