Մարդիկ մահանում են, իսկ ուկրաինական պատվիրակությունն ավելի հարմարավետ վայր է ընտրում Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլի համար։ Այս մասին հինգշաբթի օրը գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։
«Մարդիկ մահանում են, իսկ Կիևի ռեժիմի ներկայացուցիչներն ընտրում են մի վայր, որտեղ նրանց համար ավելի հարմար կլինի ցուցադրվել տեսախցիկների առջև», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե ուկրաինական կողմն արդեն Լեհաստանում է, սակայն դեմ է Բելառուսի Բելովեժսկայա Պուշչայում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին։
Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Բելովեժսկայա Պուշչա, որտեղ, ինչպես նախապես պլանավորվել էր, տեղի կունենա երկու երկրների բանակցությունների երկրորդ փուլը։ Ժամանելուց հետո պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները սպասում են ուկրաինական պատվիրակությանը մարտի 3-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ուկրաինան հանդիպման վայրը համատեղ են ընտրել։
Ավելի ուշ ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան ասել է, որ ռուսական կողմի հետ հանդիպումը կկայանա, սակայն այն տեղի կունենա ոչ թե Բելառուսի Բելովեժսկայա Պուշչայում, այլ մեկ այլ վայրում։