«Անկարան և Թել Ավիվը հավատարիմ են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության վերսկսմանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի իր պաշտոնակից Իցհակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է Anadolu-ն։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի ընդհանուր նպատակն է վերակենդանացնել երկրների միջև քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։
Թուրքիայի պետության ղեկավարը պատմական է անվանել Իսրայելի նախագահի այցը Թուրքիա եւ վստահություն հայտնել, որ այն նոր շրջադարձային կետ կդառնա երկու երկրների հարաբերություններում։
Նրա խոսքով, Թուրքիան և Իսրայելը կարող են նպաստել տարածաշրջանում «խաղաղության, հանգստության և համակեցության մշակույթի» վերականգնմանը։
Էրդողանն ընդգծել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլեւ ընդհանրապես տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Իսրայելի նախագահի ուշադրությանն է ներկայացրել այն կարևորությունը, որ Թուրքիան տալիս է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և երկու պետությունների համակեցության սկզբունքի հիման վրա պաղեստինյան խնդրի լուծման տեսլականի պահպանմանը։
Թուրքիայի նախագահի խոսքով, ընդգծվել է Անկարայի համար Երուսաղեմի պատմական կարգավիճակի և «Ալ-Աքսա մզկիթի կրոնական ինքնության և սրբության» պահպանման կարևորությունը։
Թուրքական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ գալիք ժամանակաշրջանը նոր հնարավորություններ կբերի Թուրքիայի և Իսրայելի միջև տարածաշրջանային համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Բացի այդ, նախագահ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարի Պաղեստին և Իսրայել այցերի, ինչպես նաև երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի Իսրայել այցի մասին։