«Այո, մենք ունենք նման դեպքեր, երբ որ նույնականացվել է, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի անգամ, այլ երկրներում էլ հաստատվել են, սակայն հարազատները դեռ պատրաստ չեն վերցնելու աճյուններն ու հուղարկավորել». Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների աճյունների մասին լրագրողի հարցին։
Լրագրողի հարցին՝ որ երկրներ են ուղարկվում ու արդյո՞ք Հայաստանում արված հետազոտությունների հետ արդյունքները համընկնում են, նախարարը դրական պատասխան տվեց․
«Կրկնակի, եռակի փորձաքննության են ուղարկվել Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ։ Բոլորը հարյուր տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին»,-ասաց նա։
Նախարարը չցանկացավ ասել, թե քանի մասունք կա այս պահին՝ նշելով, որ ինքը դրա լիազորը չէ, պետք է քննչական մարմիններից ճշտել։