Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր է ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և 350.000 դրամի տուգանք նշանակել։ Այս մասին հայտնում է «Ա1պլյուս»-ը։

«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:

Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։ ԿԸՀ-ն, մինչև 2021 թ. հունիսի 19-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունը, ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշել էր՝ գրանցումը ճանաչել անվավեր:

«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- «Ա1պլյուս»-ի հաղորդմամբ, ասել է Տիգրան Արզաքանցյանը։