Քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Կուսակցության գրասենյակում են գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության ժամանակավոր անդամներն, ինչպես նաև հանրապետական պատգամավորներ: Մեր ունեցած տեղեկություններով նիստում քննարկվելու են ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները: Անդրադարձ է կատարվելու նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Հնարավոր է այսօրվա նիստում քննարկվի նաև նոր ձևավորվելիք կառավարության հետ կապված հարցերը:

Իսկ մինչ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների գլխավորությամբ նիստ է հրավիրել, ՀՀԿ գրասենյակի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչները: Հանրապետականների կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված ոստիկանները արգելում են ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին: Հավաքվածները վանկարկում են՝ «նախագահ, դուրս արի»: Բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ շուրջ հինգ տարի է իրենց խաբում են: «Կառավարության որոշմամբ մեր տարածքը ճանաչվեց պետության կողմից գերակա շահ և օտարվեց, մեզ էլ խոստացան նոր բնակարաններ հատկացնել, սակայն առ այսօր խաբելով տանում բերում են»,- ասել են ակցիայի մասնակիցները:

Սակայն ՀՀԿ գրասենյակում գտնվող պաշտոնյաներից ոչ մեկը դեռևս չի մոտեցել ակցիայի մասնակիցներին: «Հիմա մեզ բոմժ են սարքել, հետո էլ ասում են, թե արտասահմանից եկեք Հայաստան ապրեք. որտե՞ղ ապրեն, ինչո՞վ ապրեն: Էդ կազմակերպությունը մեզ հիմա ասում է, թե մենք տուն չենք կառուցելու ձեզ համար, ինչ ուզում, էդ էլ անում ենք»,- մեզ հետ զրույցում դժգոհել են բնակիչները:

ՀՀԿ նիստի և դրան զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

Փայլակ Ֆահրադյան