ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով կրծքով կերակրող մայրերը, որոնք աշխատում են, հնարավորություն կունենան ազատ տնօրինել ընդմիջման ժամերը: Ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կարգավորումներով կրծքով կերակրող մայրերը երեք ժամը մեկ ունեն կես ժամանոց ընդմիջման հնարավորություն երեխային կերակրելու համար: Այդ հնարավորությունը մայրն ունենում է մինչև երեխայի 1,5 տարին լրանալը:
«Փորձը ցույց է տալիս, որ գործնականում այդ կես ժամվա ընթացքում հնարավոր չէ կազմակերպել երեխային կերակրելու գործընթացը: Նախագծով առաջարկում ենք նախ երեխայի տարիքային շեմը բարձրացնել՝ 1,5-ից դարձնելով 2 տարի, ինչպես նաև երեք ժամը մեկ կես ժամով տրվող ընդմիջումը հնարավոր լինի գումարել իրար: Դրա հետ մեկտեղ պահպանվում է օրվա ընթացքում մեկ ժամ տևողությամբ ընդմիջումը: Օրենսդրությամբ առաջարկվում է, որ մայրը ինքը որոշի, թե օրվա որ ժամին այն կօգտագործի: Այս փոփոխությամբ տրվում է հնարավորություն, որ մայրերն առավել արդյունավետ կազմակերպեն երեխային կերակրելու գործընթացը»,-ասաց Ժորա Սարգսյանը:
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձինք կարող են անցնել ոչ լրիվ աշխատաժամանակով ռեժիմի աշխատանքի: Նոր նախագծով առաջարկվում է այստեղ ևս բարձրացնել երեխայի տարիքային շեմը՝ դարձնելով երկու տարեկան: