Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Ըստ տեղեկության՝ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ է պատրաստել: Նաև նշվում էր, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձեւակերպվել է որպես գործուղում Գորիս եւ հարակից համայնքներ։ 

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ: Նա նշեց, որ  մարզպետարանում հաստիքները եղել են կանոնակարգված.

«Բոլորը կատարել են իրենց պարտականությունները՝ ըստ հաստիքների: Հավաքարարը կատարել է իր պարտականությունները, այլ հաստիք չի եղել: Չեմ իջնի այն մակարդակի, որ նման բան իմանամ, կամ առավել ևս խոսեմ այդ մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ ինչ-որ նշում են, ղալաթ են անում:

Անդրադառնալով Կարո Ավանեսյանի այդքան շատ «գործուղումներին»՝ Մելիքսեթ Պողոսյանը հաստատեց՝ Ավանեսյանը իսկապես գործով է մեկնել տարբեր քաղաքներ և համայնքներ. «Նման բան չի կարող լինել, անհնարին է, դա գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի պարտականությունն է, դրանք ինքն է գրել և այդ գործուղումները ինձ հետ համաձայնեցված չեն եղել: Եթե գործուղման է գնացել, իհարկե, պետք է ուղարկեմ: Միայն գործնական բնույթ են կրել իր այցելությունները տարբեր քաղաքներ, գյուղեր»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե ինչու են մարզպետի աշխատանքից ազատվելուց հետո էլ, անգամ, իր անվան շուրջ շարունակվում նման խոսակցությունները, Պողոսյանը նշեց, որ դրանց կողքով անտարբեր է անցնում.

 

«Ես թյուր խոսակցություններին չեմ ցանկանում ուշադրություն դարձնել, եկեք գործով ապացուցենք: Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ ով աշխատում է պետական ոլորտում, թո՛ղ իր պարտականությունները կատարի, այսօր խոսելու և ավելորդ բաներ ասելու ժամանակը չէ. այսօր հայրենիքի պաշտպանությունն է կարևորը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Զվարթ Պետրոսյան