Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ օրենքի առջև գերակայությունը հասել է այն աստիճանի, որ այլևս օրենքի առջև հավասար են անգամ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձինք: Եվ, իսկապես, 2018-ից հետո եղան դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնվելով սկանդալների կիզակետում, հրաժարական էին ներկայացնում կամ նրանց ազատում էին պաշտոնից` շատերին հետագայում անգամ կալանավորելով:
Բերենք մի քանի օրինակ՝ չարաշահումների մեջ մեղադրանք էր ներկայացվել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին, նա կալանավորվել էր: Վերմիշյանը այս պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի կողմից և համարվում էր հեղափոխական թիմի անդամ: Պաշտոնից ազատվելուց հետո մեղադրանք էր ներկայացվել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, ում նույնպես այս պաշտոնում նշանակել էր Փաշինյանը, նա կալանավորված է անորակ հրթիռների մատակարարման գործով: ԱԱԾ-ի կողմից բերման էր ենթարկվել այն ժամանակ դեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալը՝ Արսեն Դավթյանը, նա նույնպես կալանավորված է առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեղադրանքով: Օրերս կոռուպցիոն գործի շրջանակներում պաշտոնից ազատվեց և կալանավորվեց ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը:
Ո՞րն է այս պաշտոնյաների առանձնահատկությունը: Նրանցից և ոչ մեկին չես անվանի «քայլած» ՔՊ-ական կամ հեղափոխության անմիջական մասնակից: Այո, նրանց նշանակել է Նիկոլ Փաշինյանը և երկար ժամանակ նրանք աշխատել են հեղափոխական թիմում և ներկայացրել են այդ թիմը, սակայն նրանցից և ոչ մեկ անգամ ՔՊ-ական չէր՝ կուսակցական պատկանելիության առումով:
Իսկ ահա թե ինչպիսի ճակատագրի են արժանացել նմանատիպ իրավիճակներում քայլած ՔՊ-ականները: Լրագրողին ծեծելուց հետո հրաժարականի դիմում ներկայացրած ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի դեմ ոչ միայն քրեական գործ չէր հարուցվել, ավելին՝ նա այսօր ԱԺ փոխնախագահ է: Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծի ենթարկելու հայտնի պատմությունից հետո նույնպես հրաժարական տվեց, ձերբակալվածների շարքում նա, իհարկե, չհայտնվեց, փոխարենը հանգրվանեց ԱԺ-ում: Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, ով մեկ տարի առաջ ազատվել էր պաշտոնից, նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։ Վայքի նորընտիր ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում ընդհանրապես հայտնի է որպես «կրիմինալ» անցյալ ունեցող անձ, ով, լինելով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Վերը նշված պաշտոնյաների առանձնահատկությունն էլ նրանց «քայլած» լինելն է: Ստացվում է, որ Հայաստանում պաշտոնյաները նույն խախտումները կատարելիս տրամագծորեն հակառակ ճակատագրերի են արժանանում: Մի մասը հանգրավանում է բանտում, իսկ մյուս մասը, ով ավանդ ունի Գյումրիից-Երևան քայլելու գործում, ազատվում է պատասխանատվությունից և հանգրվանում է ոչ պակաս բարձր պաշտոնում: Ըստ էության, սա նախկինների «թայֆայական» մտածելակերպի և գործողությունների շարունակությունն է այն քաղաքական թիմի կողմից, որը եկել էր իշխանության հենց այդ «թայֆայության» դեմ պայքարի կարգախոսներով...