«Այս իշխանությունների պատճառով մարդիկ կան, որոնք մաքրվում են իրավական գործընթացներից, պետք է սա թույլ չտալ: Ցավոք, ես հիմա արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ լուրջ պրոբլեմներ կարող է իրենք ունենային»,- այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ հանցագործության մասին հաղորդում' իր իսկ վերադասի դեմ: Հակառակ դեպքում' ինչպես կարելի է հասկանալ այն պնդումը, որ այս իշխանությունների պատճառով որոշ անձինք մաքրվում են իրավական գործընթացներից: Իհարկե, կարևոր է նաև հասկանալ համատեքստը՝ իշխանությունների անգործության պատճառո՞վ են վերջիններս խուսափում պատիժը կրելուց, թե հակառակը՝ գործուն միջամտության: Երկու դեպքում էլ Մարուքյանի հայտարարությունը և շեշտադրումները չեն բխում գործող իշխանությունների, ասել է թե' Նիկոլ Փաշինյանի շահերից: Մի դեպքում գործ ունենք հանցավոր անգործության և անփութության հետ, մյուս կողմից՝ ակնհայտ ապօրինի գործունեության, որի արդյունքում որոշ մարդիկ խուսափում են պատժից:
Մարուքյանի այս հայտարարությունից հետո պատկան մարմինները կամ պետք է հերքեն վերը նշված պնդումները և արդյունքում մեղադրանք առաջադրեն հենց իրեն՝ Էդմոն Մարուքյանին սուտ մատնության հոդվածով, կամ էլ եթե պատկան մարմիններն այս հայտարարությունից հետո ոչինչ չձեռնարկեն, առնվազն չկանչեն հատուկ հանձնարարաթյուններով դեսպանին վկայություն տալու, ապա կստացվի, որ Մարուքյանը ճիշտ է, և Նիկոլ Փաշինյանն իսկապես ապօրինի գործընթացների մեջ է ներգրավված:
Գնդակը, ինչպես ասում են, պատկան կառույցների դաշտում է: