«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։
NEWS.am-ի հետ զրույցում հաղորդման ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը պատմեց, որ իրենց«Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունից նախօրոք զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին, սակայն հետո նշել, թե կարող են գալ.
«Նավակում 7 հոգով էինք, նկարահանող խմբից 3 հոգով էինք, 4-ը ռաֆթինգի աշխատակիցներն էին։ Գետի վրա էինք մոտ 15 րոպե, գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց, Արմինեն ընկավ ջուրը, հետո ես ընկա ջուրը, իրեն միանգամից գետը տարավ, ես կարողացա մի կերպ դուրս գալ, ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետեւից թռան հրահանգավորող աշխատակիցները, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց փրկել Արմինեին։ Գետը շատ արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին։ Մոտ 10 կիլոմետր քշել էր, նրան Ալավերդում փրկարարները հանեցին ջրից»։
Նշենք, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածով քրեական գործ կհարուցվի։