Հայաստանը Եվրոպական միության հետ մշտապես օրակարգում է պահում վիզաների դյուրացված ռեժիմին անցնելու հարցը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց, որ սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարցն առաջ քաշելու համար: «Եվրոպական կողմը հավաստիացրել է, որ Եվրոպական հանձնաժողովն իր կողմից կարծես պատրաստակամ է և հարցը գտնվում է անդամ երկրների տիրույթում : Մի շարք անդամ-պետություններում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ և հարցը նպատակահարմար չէր բարձրացնել այդ ընթացքում»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց, որ կապված տարբեր միգրացիոն հոսքերի, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հետ, ԵՄ որոշ անդամ երկրներ մտավախություն ունեն, որ վիզաների ազատականացմամբ էլ ավելի կմեծանա անօրինական ներգաղթը իրենց երկիր:
« Մեկ- երկու երկրներ մտահոգություն ունեն այս առումով, իսկ այս որոշման կայացման համար 27 երկրների համաձայնությունն է պետք: Բայց պետք է նշել, որ վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանից դեպի Եվրամիություն ապաստան հայցողների թիվը կայուն իջնում է՝ ամեն տարի մոտ 30 տոկոսով: Սա, կարծում եմ, շատ էական փաստարկ է մեր գործընկերներին համոզելու համար, որ ինչքան էլ, որ լինի այդ թիվը, Հայաստանի դեպքում դա այն թիվը չի լինի, որը մտահոգություններ կառաջացնի»,-հավելեց նա: