Թուրքիան կվերացնի իր վետոն ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վրա, եթե երկրները կատարեն նրա տասը պայմանները, գրում է Yeni Şafak թերթը։
Շվեդիայից և Ֆինլանդիայից Թուրքիայի հիմնական պահանջներից է հրաժարվելը աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և տարածաշրջանի այլ կազմակերպություններին, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական։
Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջում է համապարփակ «պայքար ահաբեկչության դեմ», այդ թվում՝ դադարեցնել շփումները այդ կազմակերպությունների հետ, սառեցնել նրանց ակտիվները և արգելել քրդերի ցույցերն այդ երկրներում։
Թուրքիան նաև պահանջում է հետախուզական տեղեկատվության փոխանակում և Թուրքիայի հետ կապված պաշտպանական արդյունաբերության սահմանափակումների վերացում։
Մայիսին, ուկրաինական պատերազմի ֆոնին, Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Թուրքիան հայտարարել է, որ արգելափակելու է նրանց մուտքը դաշինք, քանի որ Ֆինլանդիան և Շվեդիան աջակցում են քրդական շարժումներին: