Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, շեշտել է, որ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն:

«Այդպիսի հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը չի քննարկվում նաև մեր ռուս և եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակա չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք՝ ոնց կարող ենք առկա մաքսային, սահմանային հսկողության ռեժիմները միջազգային գործող միջազգային նորմերի շրջանակներում երկկողմ թեթևացնել: Եվ քննարկումները սկսվել են: Հետաքրքիր հարց կա, մենք ասում ենք եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով են անցնելու ճանապարհները: Մենք ասում ենք, ոչ, եկեք քննարկենք սկզբունքները, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո մնացածը մեզ համար շատ ավելի հեշտ է»,- ասել է Խաչատուրյանը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է իրականություն դարձնել իր հոր՝ Հեյդար Ալիևի երազանքը: «Խորհրդային տարիներին Բաքուն Մեղրիով դեպի Նախիջևան արագընթաց ճանապարհ էր կառուցում, և 1987 թվականին, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհը կանգնեցվեց, դժգոհություններ եղան, կոնֆլիկտ եղավ: Այդ ճանապարհի շինարարությունն է նա ուզում շարունակել: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց տեսականորեն, եթե դա նույնիսկ հնարավոր է, պրակտիկորեն հնարավոր չէր իրականացնել, բարդ տեխնիկական խնդիր է»,- մանրամասնել է Խաչատուրյանը: