Երեկ՝ հուլիսի 3-ին, Արմավիրի ՔԿՀ-ից ազատ են արձակվել մի շարք անձինք, որոնք կալանավորվել էին հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման երթին մասնակցելու համար։
«Այժմ 18 հոգի դեռ անազատության մեջ են՝ տարբեր դեպքերի հետ կապված, կան կալանավորվածներ, որոնց երկամսյա կալանքի ժամկետը չի լրացել, կան որոշները, որոնց առնչությամբ նախաքննություն է ընթանում: Բոլորի դեպքում էլ առաջադրված են շինծու, քաղաքական տարբեր ձևակերպումներով մեղադրանքներ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար այցելում են բոլոր կալանավորվածներին, նրանց նկատմամբ նորմալ վերաբերմունք է դրսևորվում:
Գ. Մանուկյանի խոսքով՝ բոլոր մեղադրանքները զավեշտալի են և հիմնված են լոկ ոստիկանների ցուցմունքների վրա:
«Տավուշից երկու ոստիկաններ՝ իբրև ականատես, տասնյակ մարդկանց դեմ ցուցմունք են տվել: Նրանք ֆիզիկապես չէին կարող ականատես լինել բոլոր այդ դեպքերին»,-ասաց Մանուկյանը:
Նա հավելեց, որ շուրջ 6 տասնյակ հաղորդում է տրված ոստիկականական անօրինականությունների մասին:
«Կոնկրետ մեկ դեպքի հետ կապված՝ տրված հաղորդման հիման վրա ես էլ եմ ցուցմունք տվել, հետապնդելու ենք մինչև վերջ, որ ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն և հասկանան, որ օրենքով պետք է շարժվել, այլ ոչ թե Նիկոլին ծառայել».-եզրափակեց Մանուկյյանը: