ՔՊ-ն 7 օրից կների բոլոր ընդդիմադիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱԺ խորհուրդը պիտի որոշի ընդդիմադիր երկու խմբակցությունների 33 պատգամավորի պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հիմնավորումը՝ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելու համար։

Անկեղծ, ինձ թվում էր, թե Նիկոլը մի քանի ընդդիմադիրի՝ առավել ըմբոստներին, կզրկի պատգամավորական մանդատից, իսկ մյուսներին «մեծահոգաբար» կների՝ փորձելով նաեւ այս կերպ պառակտել ընդդիմադիր խմբակցությունները։

Բայց, վերլուծելով եւ համադրելով մի շարք փաստեր, գրեթե վստահ եմ, որ ԱԺ խորհուրդն այսօր հրավիրվելիք նիստում կորոշի որեւէ ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմել։

Հիմնավորումն էլ կլինի այն, որ իրենց ընտրել է ժողովուրդը, ժողովուրդը թող գնահատի նրանց անգործությունն ու հաջորդ ընտրություններում իր քվեարկությամբ վերաբերմունք արտահայտի։
Այսօր հարցի քննարկմանը պետք է ներկա լինեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր վստահաբար, չեն գնալու։
Իսկ դա նշանակելու է, որ բոլոր ընդդիմադիրներին «ներելու» որոշումը կհետաձգվի 7 օրով։

Այսպիսով՝ մեկ շաբաթից ՔՊ-ն կարձանագրի, որ իրենք «կատարյալ» ժողովրդավար քաղաքական ուժ են եւ անգամ օրենքով թույլատրելի բացակաների շեմը խախտելու դեպքում հարգում են ժողովրդի կատարած ընտրությունն ու որեւէ ընդդիմադիր պատգամավորի հարցով Սահմանադրական դատարան չեն դիմում։

Իսկ ԱԺ խորհրդի նիստը հրավիրել են, քանզի դա սահմանադրական պահանջ է
Ահա այսպես»,- գրել է Զոհրաբյանը։